«Արդարադատության ոլորտի բարեփոխումներն ու ՀԸԳՀ-ի իրականացումը Հայաստանում» փորձագիտական քննարկում

Օր և ժամ
«Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը, մշտադիտարկմանն ու հաղորդակցմանը» ծրագրի շրջանակում 2025 թ․ փետրվարի 24-ին տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ ՀԸԳՀ-ի ներքո Հայաստանի արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում ընթացող բարեփոխումների շուրջ։
Քննարկման նպատակն էր մտքերի փոխանակում իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության, ոլորտային հարցերով զբաղվող մասնագիտական հասարակական կազմակերպությունների, Հայաստանի արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև՝ Հայաստանում ՀԸԳՀ-ի ներքո արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքի, խնդիրների, միտումների շուրջ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Աջակցություն ՀԸԳՀ-ի իրականացմանը, մշտադիտարկմանն ու հաղորդակցմանը ծրագրի ղեկավար Յուջին Ստյուարտը և այդ ծրագրի քաղաքացիական հասարակության բաղադրիչի համակարգող Մուշեղ Եկմալյանը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն անդրադարձան մինչ օրս ՀԸԳՀ-ի և դրա ճանապարհային քարտեզով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքին և առաջիկա ծրագրերին։
«Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը, մշտադիտարկմանն ու հաղորդակցմանը» ծրագրի շրջանակում ՀԸԳՀ-ի անկախ մշտադիտարկում իրականացնող փորձագետներ Դավիթ Գյուրջյանն ու Մարիամ Անտոնյանը ներկայացրեցին ՀԸԳՀ-ի և դրա Ճանապարհային քարտեզով նախատեսված մի քանի ոլորտների ու գործողությունների շուրջ իրենց գնահատականները։ Մշտադիտարկմամբ նախատեսվում է գնահատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։
Ներկայացումներից հետո ծավալվեց ընդգրկուն և կառուցողական քննարկում ներկաների մասնակցությամբ, հնչեցին կարծիքներ, առաջարկներ, ինչպես նաև հետագա քայլերի մասին պատկերացումներ։
Հանդիպման ավարտին Արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և միջազգային կազմակերպությունների փորձագետները կարևորեցին նման հանդիպումների շարունակականությունը՝ Հայաստանի արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացները ներառական, որակյալ, արդյունքահեն և իրական փոփոխություններին ուղղված իրականացնելու նպատակով։