Երևանում անցկացվել է «Առողջապահության ոլորտի բարեփոխումներն ու ՀԸԳՀ-ի իրականացումը Հայաստանում» թեմայով փորձագիտական քննարկում

Օր և ժամ
Եվրոպական միության կողմից աջակցվող և GOPA-PACE կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀԸԳՀ-ի իրականացմանը, հաղորդակցմանն ու մշտադիտարկմանը» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Առողջապահության ոլորտի բարեփոխումներն ու ՀԸԳՀ-ի իրականացումը Հայաստանում» թեմայով փորձագիտական քննարկում։
Միջոցառումը նպատակ ուներ ծավալել թափանցիկ ու անկաշկանդ մասնագիտական քննարկում ոլորտի բարեփոխումների և դրանց քաղաքականության պատասխանատուների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների միջև՝ հասկանալու այն մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առողջապահության ոլորտում իրական փոփոխություններ առաջ բերելու, մասնավորապես՝ գոյություն ունեցող Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո։
Քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է իրենց արդեն իսկ կատարած աշխատանքները Համաձայնագրի շրջանակներում, իսկ ոլորտում ակտիվ հասարակական կառույցները կիսվել են իրենց պատկերացումներով և գնահատականներով՝ առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների շուրջ։ Կողմերը քննարկել են ոլորտի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև նախանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։
Քննարկման արդյունքում անդրադարձ է կատարվել այնպիսի ոլորտային հարցերի, ինչպիսին են՝ քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում իրականացվող միջոցառումներ, առողջության մատչելիություն (համապարփակ ապահովագրության համատեքստում, որը մի քանի այլ ենթահարցեր ևս ունի, օրինակ՝ ծառայությունների որակի բարելավում, բուժանձնակազմի և համակարգի պատրաստում), ինչպես նաև էլեկտրոնային առողջապահական համակարգ և պալիատիվ օգնություն։
Առանձին քննարկման առարկա է դարձել ՀԸԳՀ-ի ճանապարհային քարտեզի «կատարողականը»՝ հոգեկան առողջության ոլորտի հետ կապված, դրա գործողության ձևակերպման և չափելիության, ինչպես նաև պատասխանատուների, գործողության և արդյունքի միջև կապի խնդիրները։ Ներկայացվել են հոգեկան առողջության բարեփոխման համար կարևոր առաջարկություններ։
Քննարկման մասնակիցներն անվերապահորեն ընդգծել են համընդհանուր և պարտադիր ապահովագրման ներդրման կարևորությունը և քննարկել մեկտեղել այս կարևոր ռազմավարությունն ու դրա հետ կապված գործողությունները կյանքի կոչելուն ուղղված ջանքերը։