Քաղհասարակության դերը ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացում․ քննարկում Եղեգնաձորում
Օր և ժամ
Եվրոպական միության կողմից աջակցվող և GOPA PACE կազմակերպության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում 2026 թ․ մարտի 18-ին Վայոց ձորի հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների և հետաքրքրված այլ անձանց համար անցկացվել է քննարկում՝ նվիրված Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված և իրականացվող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Միջոցառմանը մասնակցել են մարզային հասարակական կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի անդամներ և ակտիվ քաղաքացիներ (ընդհանուր թվով 10 ներկայացուցիչ)՝ նպատակ ունենալով խորացնել իրենց գիտելիքները ՀԸԳՀ-ի իրականացման, դրա մշտադիտարկման, գնահատման և հանրային հաղորդակցության մեխանիզմների ակտիվ օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել հնարավոր ուղիներ՝ ՀԸԳՀ-ն իրենց մարզերում անմիջականորեն կյանքի կոչելու վերաբերյալ։
Միջոցառման առաջին հատվածում ծրագրի փորձագետ Մուշեղ Եկմալյանը ներկայացրել է համաձայնագրի նշանակությունն ու հիմնական ուղղությունները, ներառյալ՝ դրա ճանապարհային քարտեզը։ Առանձին ուշադրության է արժանացել www.cepacso.am հարթակը՝ որպես քաղաքացիական հասարակության համար ստեղծված ռեսուրս՝ ՀԸԳՀ գործընթացների մշտադիտարկման, հետազոտման, գնահատման և դիտարկման համար գործիքների հասանելիությամբ, ինչպես նաև արդեն իսկ եղած զեկույցներին ծանոթանալու հնարավորությամբ։
Մուշեղ Եկմալյանը և ծրագրի փորձագետ Դավիթ Ամիրյանը կարևորել են ՀԸԳՀ-ի իրականացման վերահսկման գործընթացում քաղհասարակության դերակատարությանը՝ մասնակիցների հետ միասին քննարկելով կոնկրետ խնդիրներ, որոնք բնորոշ են Վայոց ձորի մարզին և կարող են դառնալ տեղական հասարակական կառույցների համար անդրադարձի թեմա՝ անմիջապես ՀԸԳՀ-ի և դրա ճանապարհային քարտեզի տեսանկյունից։ Քննարկումը կառուցվել է՝ արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների ու մշակված մշտադիտարկման մեթոդաբանության մոտեցումները ներկաներին ներկայացնելով, նաև հաշվի առնելով նախկին քննարկումների արդյունքում հնչեցրած առաջարկներն ու կարծիքները։
Դավիթ Ամիրյանի համակարգմամբ՝ միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվել են իրական օրինակներ, կիրառական մակարդակում քննարկվել մշտադիտարկման և գնահատման արդյունքների հիման վրա ապացուցահեն քաղաքականության փաստաթղթերի մշակման փորձն ու պահանջվող հիմնական հմտությունները։ Որպես կիրառական աշխատանք՝ մասնակիցները ներկայացրել են նաև տեղական խնդիրներին բնորոշ օրինակներ։
Հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը, ինտերակտիվ և մասնակցային քննարկման միջոցով, առօրյայից վերցված օրինակներն օգտագործելով, խմբի հետ միասին քննարկել է քաղաքացիական հասարակության հաղորդակցման գործիքներն ու մարտահրավերները։ Հայկ Աբրահամյանի ուղղորդմամբ՝ ներկաները միասին վերլուծել են ՀԸԳՀ-ի վերաբերյալ հաղորդակցման հնարավոր արշավների առանձնահատկությունները Վայոց ձորի մարզում։
Փորձագետներն ու մասնակիցները, հավաքագրելով Վայոց ձորի մարզին բնորոշ խնդիրները, քննարկել են դրանք ՀԸԳՀ-ի համատեքստում։ Այդ խնդիրների շարքում էին՝ առավել ակտիվ հաղորդակցական մեխանիզմներ և ճանապարհներ մարզային հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների, երիտասարդների և ոչ ֆորմալ խմբերի հետ, որոնցից մեկը կարող են դառնալ մարզային ֆեյսբուքյան խմբերը և դրանց կապը այլ կառույցների հետ։
Առանձնակի կարևորվել և շեշտադրվել են նման և այլ թեմաներով դասընթացները մարզի երիտասարդների համար՝ առանցնացնելով այն, որ Վայոց ձորի մարզում չկա բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչի արդյունքում երիտասարդները մարզից հեռանում են։
Մասնակիցներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ բնակիչներն ակտիվություն չեն ցուցաբերում մարզի մակարդակում որոշումների ընդունման գործընթացների վրա ազդեցություն ունենալուն, ներառյալ՝ նաև հսկողության տակ պահելու արդեն իսկ ընդունված որոշումների կատարման գործընթացները։
Բնապահպանական խնդիրները շատ լուրջ են մարզում, որտեղ կան մի քանի տասնյակ փոքր ՀԷԿ-եր, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են խնդիրներ՝ կապված հողերի ոռոգման հետ։ Վայոց ձորում, չնայած նրան, որ մարզը հայտնի է որպես գինեգործության մարզ, կան խաղողի մթերման հետ կապված լուրջ խնդիրներ։ Մասնակիցները բարձրաձայնել են նաև սոցիալ-հոգեբանական աջակցության որակյալ ծառայությունների հասանելիության հարցը։