ՀԸԳՀ-ի մշտադիտարկման ոլորտային քննարկում Երևանում․ մարտահրավերներից դեպի հնարավորություններ
Օր և ժամ
Միջոցառման նպատակը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացումը քաղհասարակության տեսանկյունից․ մարտահրավերներից դեպի հնարավորություններ
Միջոցառման ձևաչափը՝ Ներկայացում և քննարկում. ՀԸԳՀ-ի իրականացման` քաղհասարակության անկախ մշտադիտարկման արդյունքների հիման վրա
Միջոցառման կազմակերպիչը՝ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագիր (Այսուհետ՝ Ծրագիր)
Անցկացման ամսաթիվը՝ 18 փետրվար, 2026թ․
Անցկացման վայրը՝ Երևան, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան մեծ» սրահ
Մասնակիցներ՝ 80+ մասնակից պետական, հասարակական, միջազգային կառույցներից
2026 թ․ փետրվարի 18-ին տեղի ունեցավ ՀԸԳՀ-ի իրականացման մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ մեկօրյա քննարկում: ՀԸԳՀ-ի մշտադիտարկումն իրականացվել է 2024-2025 թվականներին քաղաքացիական հասարակության անկախ փորձագետների ջանքերով՝ օգտագործելով Ծրագրի թիմի կողմից մշակված միասնական մեթոդաբանությունը։ ՀԸԳՀ-ի արդյունավետ իրականացման համար կարևոր է ինչպես քաղհասարակության կողմից անկախ մշտադիտարկում իրականացնելը, այնպես էլ արդյունքների կառուցողական, բաց և օբյեկտիվ քննարկում անցկացնելը։
Հանրային քննարկման նպատակն էր, ներգրավելով համապատասխան ոլորտային նախարարությունների և այլ պետական հաստատությունների, ինչպես նաև հասարակական և փորձագիտական ոլորտի ներկայացուցիչներին ու փորձագիտական համայնքին, ծավալել մասնագիտական բարձր մակարդակի քննարկում և մտքերի փոխանակում, որը միտված կլիներ ՀԸԳՀ-ի արդյունավետ իրականացմանն ուղղված նոր քայլեր և ճանապարհներ գտնելուն և կյանքի կոչելուն:
Միջոցառումն ուներ հինգ թեմատիկ նիստ, որոնք մշակվել էին ոլորտային նախարարությունների հետ։ Այդ նիստերին փորձագետները ներկայացրին իրենց մշտադիտարկման աշխատանքների արդյունքները, առաջարկները և ՀԸԳՀ-ի շրջանակում առաջարկվող հետագա հնարավոր քայլերը։ Ներկայացումներին հաջորդեցին մոդերացված քննարկումներ՝ ոլորտային նախարարությունների, պետական հաստատությունների, ոլորտային հասարակական կառույցների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ:
Ամբողջական ներկայացված նյութը, ներառյալ՝ գնահատականները և առաջարկները, կարելի է գտնել ՀԸԳՀ-ի մշտադիտարկման զեկույցներում և այլ հարակից փաստաթղթերում՝ հայերեն և անգլերեն լեզուներով, որոնք հասանելի են www.cepacso.am կայքում։ Հրապարակված մշտադիտարկման զեկույցների և ներկայացված բովանդակության պատասխանատվությունը կրում են բացառապես հեղինակները, և պարտադիր չէ, որ դրանք արտահայտեն Եվրոպական միության տեսակետները:
Ստորև կարող եք ծանոթանալ թեմատիկ նիստերին ներկայացված և քննարկված հարցերին համառոտ․
1․ Հանրակրթության, բարձրագույն և ոչ ֆորմալ կրթության, ինչպես նաև երիտասարդական աշխատողների ոլորտների բարեփոխումներ
Նիստի ընթացքում ներկայացվել են հանրակրթության, բարձրագույն կրթության, ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատողների կրթության ոլորտներում ՀԸԳՀ-ով նախատեսված գործողությունները, դրանց կատարման գնահատականները և առաջարկությունները՝ հետագայի հետ կապված, ինչպես նաև արվել են առաջարկություններ նոր գնահատաման չափանիշների վերաբերյալ (KPI):
2․ Բարեփոխումներ հանրային առողջապահության և հոգեկան առողջության ոլորտներում
Այս նիստին փորձագետները ներկայացրին առողջապահության ոլորտի դրույթների իրականացման վերլուծությունը և հոգեկան առոջության օրենսդրության և քաղաքականության մշտադիտարկման արդյունքները ՀԸԳՀ-ի ներքո
3․ Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումները
Այս քննարկման ժամանակ փորձագետներն անդրադարձան ՀԸԳՀ-ի ներքո արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներին առնչվող այնպիսի հարցերին, ինչպիսիք են ողջամիտ ժամկետում հրապարակային դատաքննության իրավունքի ապահովման հիմնախնդիրները և բարեփոխումները քրեական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում։
4․ Աշխատանքային իրավունքների և սոցիալական ապահովության պաշտպանության և սոցիալական ներառականության բարեփոխումները
Քննարկման այս մասում անկախ փորձագետները վերլուծեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության պարտավորությունը և անդրադարձ կատարեցին Աշխատանքային տեսչության բարեփոխումների խնդիրներին, ձեռքբերումներին, մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին ՀԸԳՀ-ի շրջանակներում։
5․ Բնապահպանական կառավարման, կլիմայի փոփոխության, էներգետիկայի և համաչափ զարգացման ոլորտների բարեփոխումներ
Այս նիստի ժամանակ հանրությանը ներկայացվեցին և քննարկվեցին բնապահպանական կառավարման հարցերը, ներառյալ՝ ՀԸԳՀ հանձնառության կատարումը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման տեսանկյունից։ Վերլուծվեցին կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված քաղաքականությունները և դրանց կատարումը՝ նախատեսված ՀԸԳՀ-ի շրջանակով։ Անդրադարձ կատարվեց ՀԸԳՀ-ի ներքո էներգաարդյունավետության դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների կատարմանն ու դրանց արդյունքներին։ Առանձին ուշադրության արժանացան ՀԸԳՀ-ով սահմանված համաչափ զարգացման դրույթների իրականացման խնդիրները։
Ընդհանուր դիտարկումներ և քննարկումների ամփոփում
• Բոլոր փորձագետները նույնական մտահոգություններ են հայտնել ՀԸԳՀ-ի նոր ճանապարհային քարտեզի վերաբերյալ՝ թե՛ դրա ընդունման եղանակի, թե՛ անորոշ և ընդհանուր բովանդակության, ինչպես նաև բաժինների մեծ մասում չափելի KPI-ների (հիմնական կատարողականի ցուցանիշներ) բացակայության վերաբերյալ: ՀԸԳՀ-ի ճանապարհային քարտեզն ընդունվել է առանց փորձագիտական համայնքի, հասարակական ոլորտի հետ պատշաճ խորհրդակցությունների։
• Բոլոր փորձագետները խրախուսել են Կառավարությանն ավելի բաց, կառուցողական և ներառական լինել՝ հասարակական ոլորտի հետ իրենց աշխատանքում, և ՀԸԳՀ-ի ճանապարհային քարտեզի ընդունման նման եղանակը համարվել է բաց թողնված հնարավորություն։
• ՀԸԳՀ-ի նոր ճանապարհային քարտեզում, չնայած KPI-ների վերաբերյալ առանձին բաժնի առկայությանը, թեմաների մեծ մասում չափելի KPI-ներ չեն տրամադրվում։
• Հասարակական ոլորտի ներկայացուցիչները ՀԸԳՀ-ի նոր ընդունված ճանապարհային քարտեզը համարում են դինամիկ փաստաթուղթ, որը դեռևս կարող է փոխվել և լինել անընդհատ մշտադիտարկման, գնահատման և վերանայման առարկա՝ համապատասխան զարգացող կարիքներին։
• ՀԸԳՀ-ի նոր ճանապարհային քարտեզից պետք է հեռացվեն ուշացած և ավարտված գործողությունները, ինչպես նաև այն ԵՄ կանոնակարգերն ու հրահանգները, որոնք այլևս ուժի մեջ չեն և փոխարինվեն գործող նոր ԵՄ կանոնակարգերով, որոնք էլ կներառեն համապատասխան հարցերը։
• Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և Կառավարության պաշտոնյաները ընդգծեցին երկխոսության կարևորությունը և խնդրեցին յուրաքանչյուր թեմայի շուրջ առանձին քննարկում անցկացնել՝ արդյունքների և կիրառական լուծումների վրա հիմնված ձևաչափով։