Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը

Քաղհասարակության դերը ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացում. քննարկում Գորիսում

Քաղհասարակության դերը ՀԸԳՀ-ի իրականացման գործընթացում. քննարկում Գորիսում

Օր և ժամ

Եվրոպական միության կողմից աջակցվող և GOPA PACE կազմակերպության կողմից իրականացվող՝ «Աջակցություն ՀԸԳՀ-ի մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում 2026 թ․ մարտի 19-ին Սյունիքի հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների և հետաքրքրված այլ անձանց համար անցկացվել է քննարկում՝ նվիրված Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված և իրականացվող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։  

Միջոցառմանը մասնակցել են մարզային հասարակական և տեղական ինքնակառավարման մարմինների ավելի քան 20 ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով խորացնել իրենց գիտելիքները ՀԸԳՀ-ի իրականացման, դրա մշտադիտարկման, գնահատման և հանրային հաղորդակցության մեխանիզմների ակտիվ օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել հնարավոր ուղիներ՝ ՀԸԳՀ-ն իրենց մարզերում անմիջականորեն կյանքի կոչելու վերաբերյալ։ 

Միջոցառման առաջին հատվածում ծրագրի փորձագետ Մուշեղ Եկմալյանը ներկայացրել է համաձայնագրի նշանակությունն ու հիմնական ուղղությունները, ներառյալ՝ դրա ճանապարհային քարտեզը։  Առանձին ուշադրության է արժանացել www.cepacso.am հարթակը՝ որպես քաղաքացիական հասարակության համար ստեղծված ռեսուրս՝ ՀԸԳՀ գործընթացների մշտադիտարկման, հետազոտման, գնահատման և դիտարկման համար գործիքների հասանելիությամբ, ինչպես նաև արդեն իսկ եղած զեկույցներին ծանոթանալու հնարավորությամբ։

Մուշեղ Եկմալյանը և ծրագրի փորձագետ Դավիթ Ամիրյանը կարևորել են ՀԸԳՀ-ի  իրականացման վերահսկման գործընթացում քաղաքացիական հասարակության դերակատարությունը՝ մասնակիցների հետ միասին քննարկելով կոնկրետ խնդիրներ, որոնք բնորոշ են Սյունիքի մարզին և կարող են դառնալ տեղական հասարակական կառույցների համար անդրադարձի թեմա՝ անմիջապես ՀԸԳՀ-ի և դրա ճանապարհային քարտեզի տեսանկյունից։ Քննարկումը կառուցվել է արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների ու մշակված մշտադիտարկման մեթոդաբանության մոտեցումները ներկաներին ներկայացնելով՝ նաև հաշվի առնելով նախկին քննարկումների արդյունքում հնչեցրած առաջարկներն ու կարծիքները։

Դավիթ Ամիրյանի համակարգմամբ՝ միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվել են իրական օրինակներ, կիրառական մակարդակում քննարկվել մշտադիտարկման և գնահատման արդյունքների հիման վրա ապացուցահեն քաղաքականության փաստաթղթերի մշակման փորձն ու պահանջվող հիմնական հմտությունները։ Որպես կիրառական աշխատանք՝ մասնակիցները ներկայացրել են նաև տեղական խնդիրներին բնորոշ օրինակներ։ 

Հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը, ինտերակտիվ և մասնակցային քննարկման միջոցով, առօրյայից վերցված օրինակներն օգտագործելով, խմբի հետ միասին քննարկել է քաղաքացիական հասարակության հաղորդակցման գործիքներն ու մարտահրավերները։ Հայկ Աբրահամյանի ուղղորդմամբ՝ ներկաները միասին վերլուծել են ՀԸԳՀ-ի վերաբերյալ հաղորդակցման հնարավոր արշավների առանձնահատկությունները Սյունիքի մարզում։

Փորձագետներն ու մասնակիցները, հավաքագրելով Սյունիքի մարզին բնորոշ խնդիրները, քննարկել են դրանք ՀԸԳՀ-իհամատեքստում։ Այդ խնդիրների շարքում էին․ նման հանդիպումների թեմատիկ թիրախավորված և պարբերական անցկացումը, որոնք կներառեն ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, այլ բազմաթիվ այլ արդիական թեմաներ։

Մասնակիցները շեշտել են, որ ՀԸԳՀ-ի շուրջ նման տեղեկատվական քննարկումներին պետք է ներգրավել նաև տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմին։ Նշվել է նաև, որ որոշ քննարկումներ պետք է իրականացնել համատեղ՝ ապահովելով մասնակցությունը և տեղական ինքնակառավարման մարմինների, և տեղական հասարակական կազմակերպություններ ներկայացուցիչների, որպեսզի հետագայում դրանք դառնան արդյունավետ ջատագովության հիմք՝ համայնքների զարգացման ծրագրերի մշակման ժամանակ։ Բարձրացվել է մարզում երիտասարդության մնալու խնդիրը, երիտասարդների համար ժամանցի բավարար վայրերի բացակայությունը, ինչը նվազեցնում է կապվածությունը և հետաքրքրությունը մարզի նկատմամբ։ 

Երիտասարդությանը հուզող լուրջ խնդիրներից է նաև աշխատատեղերի հարցը։ Սյունիքի մարզի համար կարևոր է երիտասարդությանը զբաղված և ներգրավված պահել իրենց համայնքներում, ինչպես նաև ներգրավել տարբեր միջոցառումների, որոնք կենտրոնացած են համայնքի զարգացման և ոչ ֆորմալ կրթության, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներին մասնակցության, մարդու իրավունքների և կանանց հարցերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության նախաձեռնությունների վրա։ Այս խնդիրները կարող են դառնալ պարբերական հանդիպումների, քննարկումների, կարողությունների զարգացման համար թեմաներ և կոգևորեն երիտասարդներին մնալ մարզում ու բարձրացնել դիմակայունությունը։ Առանձնակի պետք է փոխվի և բարելավվի բարձրագույն կրթության որակը Գորիսում և մարզում, որպեսզի երիտասարդները ստանան մրցունակ մասնագիտություններ, գտնեն աշխատանք մարզում և չլքեն այն։